Գարեգին Բ-ն բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց բարոնուհի Քոքսի՝ Հայաստան այցելության և համաժողովին իր մասնակցությունը բերելու համար: Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատեց բարոնուհու ներդրած ջանքերը միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշատպես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:

Իր հերթին Քերոլայն Քոքսը խորին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին՝ նման բարձր պատվի արժանացնելու համար: Բարոնուհին Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել