2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո մինչ օրս դեռևս դրա վերաբերյալ համալիր վերլուծություններ և աշխատություններ չեն հրապարակվել: Նման աշխատանքի ստեղծմանը ձեռնամուխ են եղել երեք դատավորներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովիկ Շահնազարյանը և Հայարփի Զարգարյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը:
Հայտարարությունում նշվում է․ «Առկա են տարբեր թեմաների վերաբերյալ գիտական մոտեցումներ և աշխատություններ, սակայն դրա կիրառման բազմաթիվ հարցեր այս պահին դեռևս թողնված են դատական պրակտիկային: ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների կողմից նույնպես նոր օրենսգրքի վերաբերյալ դիրքորոշումները սակավաթիվ են: Մյուս կողմից թե´ գիտական շրջանակներում, թե´ դատական պրակտիկայում բազմաթիվ հարցերի վերաբերյալ մոտեցումները տարբերվում են, եթե չասենք շատ դեպքերում հակասում:
Այսօր խիստ արդիական է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման վերաբերյալ համալիր աշխատանքի առկայությունը թե´ գիտական ուսումնասիրությունների, թե´ կիրառական պրակտիկան հստակեցնելու և զարգացնելու համար: Մյուս կողմից նշված վերլուծությունները կարող են հիմք հանդիսանալ օրենսդրական զարգացումների համար:
Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետության իրավագիտության պատմության մեջ երբևէ պրակտիկ գործիչների՝ դատավորների կողմից համատեղ ձեռնարկ լույս չի ընծայվել և նման ձևաչափով պրակտիկ մեկնաբանությունների ժողովածու չի հրատարակվել:
Աշխատությունը գրելու գաղափարը ծնվել է դեռևս 2019 թվականին: Դրանից հետո մոտ 2 տարվա ընթացքում քննարկումների, դատական պրակտիկայի նոր դրսևորումների համատեքստում ամբողջացել է աշխատության տեքստը:
Ձեռնարկում ներկայացված են պրակտիկայում առաջացող հարցերը, դրանից հետո ներկայացված են այն լուծումները, որոնք տրված են պրակտիկայում, ընդ որում՝ ոչ թե մեկ կոնկրետ լուծում, այլ այն բոլոր հնարավոր լուծումները, որոնք արդեն տրվել են դատական պրակտիկայում: Պրակտիկ լուծումներից հետո աշխատության մեջ քննարկվել են այդ լուծումների վերաբերյալ հեղինակների մոտեցումները, ինչպես նաև հեղինակների կարծիքով նախընտրելի կամ բոլորովին այլ լուծումները: Գրեթե բոլոր դեպքերում հեղինակները չեն սահմանափակվել միայն պրակտիկ լուծումներով, քանի որ ներկայացված են նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնց միջոցով օրենսդրորեն պետք է լուծվեն բարձրացված հարցերը:
Աշխատության մեջ ներկայացված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթները և ընդհանուր հայցային վարույթը կանոնակարգումները (1-200-րդ հոդվածներ): Որոշ դեպքերում անուղղակիորեն անդրադարձ կատարվել է նաև օրենսգրքի այլ դրույթներին, սակայն դրանք ընդհանուր դրույթների համատեքստում բարձրացված հարցեր են:
Աշխատությունը նմանատիպ աշխատանքներից տարբերվում է նաև մեթոդաբանական առանձնահատկությամբ: Աշխատության մեջ գրեթե բացակայում է տեսական մասը: Բոլոր հարցերը ներկայացված են պրակտիկ տեսանկյունից:
Աշխատության ստեղծման նպատակներն են՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր մասի համալիր վերլուծությունը, կիրառական պրակտիկայի և օրենսդրական թերությունների վերհանումը և առաջարկների ներկայացումը, միասնական պրակտիկայի ձևավորումը, դատավարական անորոշությունների հնարավորինս պարզաբանումը, դատավարական իրավունքների չարաշահման դեպքերի նվազեցումը:
Աշխատանքի (ձեռնարկի) շնորհանդես-վաճառքն անցկացվելու է «Մոսկվայի տան»-ը (հասցե՝ ք. Երևան, Արգիշտի 7), ամսաթիվը՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 19:00-ին (այցելուների գրանցումը սկսվելու է 18:30-ին): Մուտքն ազատ է»,-նշված է հայտարարության մեջ: