ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է վիրաբույժ-կոնսուլտանտի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊ ընկերության վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Հ. Մկրտչյանի մահը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: