Արդյո՞ք լիցենզիաների մասին տեղեկատվությունը հրապարակային է

Լիցենզիաների գրանցամատյաններում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Լիցենզավորող մարմինները պարտավոր են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով՝ երեք օրվա ընթացքում, լիցենզիաների գրանցամատյաններից անվճար տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք, որի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերի չափը:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում՝ անվճար:

Լիցենզավորող մարմինները լիցենզիաների գրանցամատյանում կատարված գրանցումների կամ դրանց փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղյակ են պահում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները, դրանք ընդունելու օրվանից՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին:

Լիցենզավորող մարմինները լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին:

Լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի գործողության կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում` դրանց ստացման օրվանից՝ տասն օրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել