ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հավաստիացրել է, որ քաղաքացիների հետ կապված որևէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ տարհանվել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները: