Գյուղում նորմալ է, խուճապ չկա, բայց անհանգստություն կա․ Դավիթ Բեկի գյուղապետ

«Գյուղում նորմալ է, խուճապ չկա, բայց անհանգստություն կա»,- այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Դավիթ Բեկի գյուղապետ Բենիամին Պողոսյանը։

Նա նշեց, որ ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհահատվածից մինչև գյուղ հեռավորությունը 9 կմ է, իսկ ուղիղ գծով՝ 4-5 կմ։ Բենիամին Պողոսյանն ասաց, որ այդ ճանապարհահատվածը միջպետական ճանապարհ է․ «Այնտեղից թեքվում է Կարմրաքար, ապա՝ մեր գյուղ»։

Գյուղապետի խոսքով՝ սննդամթերքի և բժշկական ծառայությունների հասանելիությունը գյուղում չի սահմանափակվել․ «Մեզ մոտ դեպի Կապան ճանապարհն ազատ է, այդ խնդիրը մեր գյուղի հետ կապ չունի»,- նշեց նա։

Բանակցությունների մասին Բենիամին Պողոսյանն ասաց․ «Բանակցություններ են գնում, բայց առայժմ ես բան չգիտեմ, այնտեղ եմ եղել միայն առաջին օրը»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հավաստիացրել է, որ քաղաքացիների հետ կապված որևէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ տարհանվել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել