Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ցավակցական հեռագրում ասված է․

«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով անվանի կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի մահվան մասին:

Վլադիլեն Բալյանի հեղինակած երգերն ու երաժշտությունն ունկնդրում և երգում են մի քանի սերունդներ: Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին, այն վերածել մեղեդու և հասցնել մեզ: Եվ ծնվում էին նրա ստեղծագործությունները՝ մարդու և բնության, երկնքի և երկրի մասին, սիրո, հայրենասիրական, խոհական թեմատիկայով, զգացմունքի, երևակայության և իրականության ներդաշնակ համադրմամբ:

Ցավակցում եմ անվանի կոմպոզիտորի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց մեծ վիշտը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել