Նիկոլ Փաշինյանին հարց տալու ժամանակ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին զրկեց խոսքի իրավունքից․ վիճաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որից հետո պատգամավորները հերթագրվեցին նրան հարց տալու համար։

Պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջինիս զրկեց խոսքի իրավունքից, նկատողություն արեց իշխանական մի քանի պատգամավորների՝ տեղից խոսելու համար։ Խոսքը Հրաչյա Հակոբյանի և Արման Եղոյանի մասին է։

Աննա Մկրտչյանը հարց տալու ժամանակ ասել էր․

«Այժմ ԱԺ ամբիոնում կանգնած անձը (Փաշինյանը-խմբ․) ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ ունի, որ ցանկացած պահի կարող է «պայթեցնել» Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը և իրավիճակը», – մինչ միջադեպը հիշեցրել էր Աննա Մկրտչյանը՝ ընդգծելով նաև, թե այդքանից հետո Հայաստանի ու նաև դրա մայրաքաղաք Երևանի նկատմամբ Ալիևի հայտարարությունները նույն Փաշինյանի ու նրա իշխանության ներկայացուցիչների կողմից անպատասխան են մնում։

«Իսկ այժմ այս անձը (Փաշինյանը – խմբ․) իր հետ ԱԺ է բերել թիկնապահներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել», – շարունակեց Աննա Մկրտչյանը։

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի ընթացքում Մկրտչյանը կրկին դիմեց Փաշինյանին․ «Այդ կապիտուլյանտների ձայնն այդտեղ մի՛ լսեք»։

Որից հետո Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից, դրա համար հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խմբվեցին Աննա Մկրտչյանի շուրջ։ Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։

Տեսանյութերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել