Դատավորների թեկնածությունների ցուցակից ե՞րբ կարող է հանվել թեկնածուն

ՀՀ դատական օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝

Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նա հեռացվել է Դատական դպրոցից.

6) Դատական դպրոցն ավարտելուց հետո նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-211-Ն)

8) սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.

9) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

10) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

11) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

12) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու` սույն հոդվածով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահը այդ մասին առաջարկով դիմում է Արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ առաջարկությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին անձին ցուցակից հանելու առաջարկությամբ: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում տվյալ անձին հանում է հիշյալ ցուցակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել