Դատարանը, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Դատարանի որոշման մեջ պետք է լուծվի գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու հարցը:
Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում: Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:
Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները: Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի դիմելու դատարան` գործով վարույթը վերսկսելու համար: