«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ: Կոնջորյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում:
«Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները ժամի, հրավիրված անձանց վերաբերյալ կփոխանցենք մեր ընդդիմադիր գործընկերներին: Կփորձենք փակ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում»,- ասաց Կոնջորյանը:
«Հայաստան» դաշինքն ավելի վաղ առաջարկել էր Ազգային ժողովում քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Հիշեցնենք, որ իրավիճակը սահմանին արդեն մի քանի օր է լարված է։ Հայկական կողմը արդեն 2 զոհ ունի։
Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր: