Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:
Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել։