Գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանին։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը և ստորագրություն երկրից չհեռանալու մասին:
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: