2021թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Վ.Թաթոսյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարությունից հայտնեցին, որ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան։