Ռազմամթերքների տեսակները և դասակարգումը (Մաս 2)

Պարկուճները պատրաստվում են մետաղից (երկաթ, արույր)՝ պղնձացինկով երեսպատված կամ լաքապատված, իսկ որսորդական հրացանների փամփուշտների համար պատրաստվում են նաև ստվարաթղթից կամ պլաստմասայից, բացառությամբ գլխիկի, որը պատրաստվում է միայն մետաղից, լինում են 65-70մմ երկարությամբ, 12-32մմ տրամաչափի:

Պարկուճի հիմնական մասերն են՝ փողիկը, իրանը և գլխիկը: Փողիկին ամրացվում է գնդակը, իրանում տեղավորվում է վառոդային լիցքը (որսորդականում նաև խիցը, միջադիրը), գլխիկի կենտրոնում գտնվում է հրապատիճի փոսիկը: Պարկուճի հատակիկը սեղմված է արույրե հրապատիճով այն կազմով, որը նախատեսված է վառոդի բոցավառմանը (նախատեսված նյութ-թնդող սնդիկ կամ արճճի նիտրոկլանում, վառելանյութ- ծարիր, օքսիդացում՝ բերտոլետյան աղ):

Ըստ ձևի պարկուճները լինում են՝ գլանաձև, կոնաձև, շշաձև. ըստ գլխիկի կառուցվածքի՝ եզրակավոր (երբ գլխիկի տրամագիծը մեծ է իրանից), անեզրակ (երբ իրանի վրա գլխիկի մոտ արվում է օղակաձև առվակ), կիսաեզրակավոր. գնդակին ամրանալու եղանակով՝ կետանմուշով, փողաբերանի եզրամասի սեղմումով, հատվածային (սեգմենտային) սեղմումով և անսեղմում ամրացմամբ (սերտ հպումով):

Եզրակը և օղակաձև առվակը ծառայում են արտաձգիչ մեխանիզմի ատամիկի համար, որպեսզի հնարավոր լինի պարկուճը դուրս մղել փամփշտակալից: Պարկուճը միացնելով փամփուշտի բոլոր մասերը կազմում է մեկ ամբողջություն՝ պահպանելով վառոդն արտաքին ազդեցություններից, և արգելակում է վառոդային գազերի հատ շարժմանը: Պարկուճի ձևը առանձին տեսակի զենքերի համար տարբեր է: Պարկուճի գլխիկի մասում կա փոսիկ, որտեղ հագցվում է հրապատիճը: Հրապատիճն իրենից ներկայացնում է հատուկ բախիչ կազմ ունեցող մետաղյա տուփ:Զարկանի հարվածից հրապատիճին առաջանում է բախիչ կազմի պայթյուն և վառոդը բռնկվում է:

Փամփուշտի մեջ գնդակի և պարկուճի միացման եղանակը կրակված գնդակով հրազենի նույնացման համար էական նշանակությւոն ունի, քանի որ, նախ, նման ամրացման առանձնահատկությունները գնդակի վրա առաջացնում են անհատական հատկանիշներ, որոնցով կարելի է որոշել, որ գնդակը և հրազենից դուրս մղած պարկուճը մեկ փամփուշտի են պատկանում, երկրորդ՝ պարկուճին գնդակի միանալու եղանակը և առանձնահատկությունները որոշում են այն ջանքերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կրակոցի պահին գնդակը ստանա սկզբնական շարժում: Դրանից էլ կախված են ճնշումը և արագությունը, որոնց առկայությամբ գնդակը հաղթահարում է ակոսները և, հետևաբար, առաջանում են սկզբնային հետքերը: Բոլոր տեսակի պարկուճների գլխիկների վրա ընդունված է դրոշմել գործարանային նշաններ, որը ցույց է տալից փամփուշտի թողարկման տարեթիվը, տրամաչափը և այլն:

Պարկուճի գլխիկի վրա ամրացվում է հրապատիճը, որը ծառայում է վառոդային լիցքի բռնկման նպատակին: Այն իրենից ներկայացնում է արույրից, պղնձից կամ այլ փափուկ մետաղից պատրաստված փոքրիկ անոթ, որում մամլված է պայթուցիկ նյութը՝ ծածկված նրբաթաղանթով: Հաճախ այդ նպատակի համար օգտագործվում են շառաչող սնդիկ կամ այլ նյութերի միացություններ, որոնք հարվածի դեպքում ընդունակ են հեշտությամբ պայթել և առաջացնել բարձր ջերմաստիճանի առատ բոց:

Գնդակներն իրենց երկարությամբ և ձևով տարբեր են լինում: Նախկինում գնդակները գնդաձև էին, որոնք հիմա հազվադեպ են հանդիպում: Ներկայիս գնդակներին բնորոշ է գլանակոնաձևությունը, ընդ որում թռիչքի ընթացքով դեպի առաջ ուղղված գնդակի կոնաձև ծայրը կարող է լինել սուր, կլորացված և հատած:

Գնդակներն ըստ իրենց ընդհանուր կառուցվածքի լինում են.

    • պատյանավոր, որոնք ունեն արույրով կամ պղնձացինկով դրվագված երկաթյա պատյան, կապարե շապիկ և պողպատյա միջուկ.
    • կիսապատյանավոր, որոնք ունեն պատյան, որը չի ծածկում գնդակի գլխամասը, և կապարե միջուկ, իսկ մյուսներն ամբողջությամբ պատրաստվում են կապարից կամ համաձուլվածքներից.
    • ամբողջական մետաղական:

Պատյանավոր և ամբողջական մետաղական գնդակներն օգտագործվում են մարտական հրազենի համար, կիսապատյանավորը՝ որսորդական ակոսավորի, առանց պատյանին՝ փոքր տրամաչափի և ողորկափող որսորդական հրացանի համար: Սպորտային հրազենների փամփուշտներում օգտագործվում են առանց պարուրակի կամ կիսապարուրակային կապարե գնդակներ:

Կապարը կազմում է գնդակի պատրաստման հիմնական նյութը: Կապարի բացասական կողմը կայանում է նրանում, որ փափուկ է, որի հետևանքով հաճախ ենթարկվում է ձևափոխման: Որպեսզի գնդակին տրվի կարծրություն` կապարը խառնում են այլ մետաղների հետ կամ կապարե գնդակը պատում են ավելի ամուր մետաղից պատրաստված պատյանով (երկաթից, նիկելից, պողպատից, պղնձից, բրոնզից կամ դրանց խառնուրդներից): Նման գնդակները կոչվում են պատյանավոր:

Կոտորակն իրենից ներկայացնում է կապարե մանր գնդակներ: Գործարանային եղանակով պատրաստված կոտորակն ունի ճշգրիտ կլոր ձև: Այն պատրաստվում է կապարից կամ կապարի, սուրմայի և այլ մետաղների համաձուլվածքից: Գործարանային արտադրության կոտորակները տարբերվում են իրենց համարներով: Կոտորակը կարող է ունենալ 1,50 մմ-ից 5,00 մմ տրամագիծ: 5 մմ-ից ավելի տրամագիծ ունեցող արկերը կոչվում են մանրագնդակներ (կարտեչ):

Ձուլման կամ կտրատման եղանակով պատրաստված ինքնաշեն կոտորակը և մանրագնդակը կարող են լինել կլոր կամ բազմանիստ: Հիմնականում դրանք գործարանային արտադրանքից տարբերվում են ոչ ստանդարտ չափսերով, տանձաձև, խորանարդաձև կամ այլ տեսքով, մակերևույթը ողորկ չէ: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված հատկանիշները միշտ չէ, որ կարող են առկա լինել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել