Ինչպե՞ս կարող են օգտագործվել Երևանի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները

Երևանի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների 5-20 տոկոսի չափով:

Երևանի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:

Երևանի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման համար՝ ավագանու առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղելու դեպքերի (ընդ որում` այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության մեկ երկրորդը):

Պահուստային ֆոնդերը կարող են oգտագործվել միայն ավագանու որոշմամբ: Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչև նույն բյուջետային տարվա ավարտը ամբողջ ծավալով Երևանի բյուջեի ֆոնդային մաս չվերադարձնելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր` մեկ բյուջետային տարվա կտրվածքով: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա Երևանի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել