Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը թողել է Ալբերտ Հովհաննիսյանի շիրմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած եղբայրներին:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի» շքանշանը թողել էր որդուս շիրմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած եղբայրներին: Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միևնույն է պատերազմի ծանրությունը առաջնագծում տղաների ուսերին էր ընկած: Որ այսօր իրենց կյանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով ավելի է ծանրանում, երբ սահմանում կրկին զինվորներ են անմահանում: Բայց այս համատարած խավարում, տվյալ անձնավորության՝ խղճի առաջ ազնիվ գտնվելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժեւորեց մեր Հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք ու գնահատում:
Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանզի դա յուրաքանչյուրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով ու խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ ու ամենակարևորը՝ բոցավառեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը»,-ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը 44-օրյա պատերազմի օրերին տարածվեց աշխարհով մեկ՝ լինելով ոչ միայն հայաստանյան, այլեւ աշխարհի ամենահեղինակավոր լրատվականների առաջին էջերին ու գլխավոր լուրերում: