Արմավիրի բնակիչ Ա․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել համայնքապետին սպառնալու և առևանգելու համար։ Իրավաբան․net-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 24-ին։
Ժամը 12:00-ի սահմաններում Ա․Հ․-ն գնացել է Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի միջնակարգ դպրոցի առջև գտնվող հուշարձանի մոտ, մոտեցել է այնտեղ վերանորոգման աշխատանքներ իրականացնող համայնքապետ Ս․ Կ․-ին և իր կողմից նախապես ապօրիի ձեռք բերված նռնակը և «Վալտեր» տեսակի գազային ատրճանակը նրա գլխի ձախ հատվածին պահելով առևանգել է նրան՝ պահանջելով հրաժարականի դիմում ներկայացնել։
Նշվում է, որ համայնքապետը ճանապարհից դիմել է փախուստի։
Փախուստը տեղի է ունեցել մթերային խանութից։ Ճանապարհին համայնքապետը մտել է նույն գյուղի բնակչուհի Կ․Կ.-ին պատկանող մթերային խանութ, նրա հետևից նույն խանութ է մուտք գործել Ա․Հ․-ն։ Հարմար պահը օգտագործելով համայնքապետը հրելով Ա.Հ-ին, խանութպանի հետ միասին խանութի հետնամասից դիմել է փախուստի:
Ա․Հ․-ն նույն օրը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Քրեական գործը դատավորին հանձնվել է 2021-ի հուլիսի 7-ին։, մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հրաչյա Մեխակյանին։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: