Եկամտահարկի և սոց. վճարների հաշվարկը` դատարանի վճռով աշխատողին չվճարված աշխատավարձի վճարման դեպքում

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` 1 ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք (բացառությամբ` նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի):

Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաս, քան կրկնապատիկի (բայց ոչ ավելի, քան 12-ապատիկի) չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկային գործակալը պահված (գանձված) եկամտահարկը պետական բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ 2009թ. հունվարի 1-ից հետո աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների (այսուհետ` ԱՎՈՒՄ)հաշվարկման դեպքում` նույն օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:

Եթե աշխատանքային վեճերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով գործատուին պարտադրվում է վարձու աշխատողին վճարել ԱՎՈՒՄ (այդ թվում` հարկադիր պարապուրդների դիմաց), ապա այդ դեպքում դատարանի վճռին համապատասխան գործատուի կողմից վարձու աշխատողին վճարվող ԱՎՈՒՄ-ից եկամտահարկի և սոցիալական վճարների գումարները հաշվարկվում և վճարվում են հետևյալ ձևով`

ա. վիճարկվող ողջ ժամանակահատվածի համար կատարվում է եկամտահարկի և սոցիալական վճարների վերահաշվարկ` յուրաքանչյուր ժամանակահատվածի համար գործող օրենսդրությանը համապատասխան (այսինքն` հաշվի առնելով այդ ժամանակահատվածների համար օրենքով սահմանված անձնական նվազեցման չափերը, եկամտահարկի դրույքաչափերը և հաշվարկման կարգը).

բ. վերահաշվարկման արդյունքում եկամտահարկի և սոցիալական վճարների լրացուցիչ գումարները հաշվարկվում են օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռում նշված` գործատուի կողմից վարձու աշխատողին վճարման ենթակա ԱՎՈՒՄ-ի վճարման ամսում և`
վերահաշվարկված ԱՎՈՒՄ-ի գումարների հետ միասին արտացոլվում են այդ ամիսը ներառող հաշվետու եռամսյակի հարկային գործակալի եկամտահարկի հաշվարկում և գործատուի սոցիալական վճարների հաշվետվությունում (այդ ամսվանը համապատասխանող սյունակում),

ՀՀ պետական բյուջե վճարվում (փոխանցվում) են այդ ամսվա` եկամտահարկի և սոցիալական վճարների համար օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետում,
վերահաշվարկված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն կիրառվում, եթե դատարանի վճռում այլ բան նախատեսված չէ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել