Ստեղծել 1 մլրդ դոլարանոց հիմնադրամ՝ ուղղված նախկին Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումների ներգրավմանը. Ռուբեն Վարդանյան

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի բարգավաճման համար 12 քայլ է առաջարկում:

«Մենք բոլորս ուզում ենք տեսնել բարեկեցիկ Հայաստան, սակայն, միևնույն ժամանակ, մենք բոլորս ունենք հաջողության տարբեր հայացքներ, արժեքներ, առաջնահերթություններ և չափանիշներ։ Այնպես որ, բոլորս էլ ունենք մեր սեփական լայն տեսակետը խնդիրների և գաղափարների մասին, թե ինչպես պետք է ծրագրել մեր հորիզոնը։ Ոմանց համար Հայաստանի բարգավաճումը տնտեսական աճի կայունությունն է և պետական սահմանների անվտանգությունը:

Մյուսների համար դա դերն է համաշխարհային քաղաքականության մեջ։ Ոմանք ամեն ինչից վեր են դասում քաղաքացիների բարեկեցությունը, մյուսները՝ հայկական աշխարհի կենտրոնում լինելու երկրի կարողությունը։ Ոմանք մտածում են միջնաժամկետ հեռանկարում, մինչդեռ մյուսները մտահոգված են իրենց երեխաների կամ հայերի սերունդների ապագայով։ «Ճամփաբաժանին։ Երկխոսության հրավեր» բանավիճային զեկույցի եզրափակիչ գլուխը նվիրված է հայ ժողովրդի ապագայի տեսլականին, որն ունեմ ես և իմ գործընկերները: Ստորև բերված են իմ գաղափարները քայլերի մասին, որոնք մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի մոտենանք մեր պատկերացրած ապագային:

1) Համաձայնության գալ Հայաստանի զարգացման սոցիալ-տնտեսական մոդելի մասին:

2) Ստեղծել արդյունավետ ինստիտուտներ և հակակշիռների համակարգ:

3) Իրականացնել Հայաստանի ամբողջական աուդիտ, մեր ակտիվների գույքագրում և անձնակազմի ու պետական ռեսուրսների ատեստավորում:

4) Դադարել պատրանքներ և կեղծ պատկերացումներ տածել ինքներս մեր և աշխարհի մասին ընդհանրապես։

5) Ակտիվ ներգրավել երիտասարդներին (25-35+) երկրի կյանքում, քանի որ Հայաստանի ապագան նրանցն է:

6) Վերանայել կանանց դերը մեր հասարակության մեջ և հնարավորություն տալ նրանց ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:

7) Ստեղծել Հայաստանի զարգացման հիմնադրամ՝ ավելի քան 3 մլրդ դոլար ծավալով:
8) Հայաստանում աշխատանքի ներգրավել կառավարչական և փորձագիտական բարձրորակ անձնակազմի:

9) Ստեղծել 1 մլրդ դոլարանոց հիմնադրամ՝ ուղղված տարբեր ձեռնարկությունների ստեղծմանը և նախկին Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումների ներգրավմանը:

10) Ստեղծել 250 մլն դոլարանոց հիմնադրամ՝ աջակցելու և զարգացնելու հայոց լեզուն և Հայաստանի մշակութային ու հոգևոր ժառանգությունը:

11) Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային մակարդակի գիտատեխնոլոգիական կլաստեր:

12) Բարեփոխել կրթության և առողջապահության ամբողջ համակարգը:

Անշուշտ, սրանք ընդամենը ընդհանուր ամփոփումն են իմ գաղափարների, որոնք բաց են քննարկման և բանավեճի համար։ Ամենակարևորն այն է, որ միասին մենք կարող ենք ստեղծել այն քայլերի ընդհանուր պատկերը, որ մենք ցանկանում ենք անել Հայաստանի և հայկական աշխարհի զարգացումն ապահովելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել