7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարելի է պատկերացնել թե Հայաստանի համար ԵՄ հատկացրած շուրջ $3 միլիարդ դոլարի հասնող դրամաշնորհի և դրանից բխող կարողությունների ու հնարավորությունների դեմ ինչպիսի պայքար են սկսելու այն երկրները և Հայաստանի ներսում նրանց գործակից հակապետական ուժերը, որոնք շահագրգռված չեն թե Հայաստանի եվրաինտեգրացիայով ընդհանրապես, թե ինքնիշխանության ներուժի վերականգնումով մասնավորապես:
Իմ համոզմամբ, Հայաստանի ժողովրդավարական ուժերը Եվրամիություն հետ միասնաբար պետք է պատասխանատվություն ստանձնեն եվրոպական այդ մտադրության և ծրա համար, միաժամանակ այդ պատասխանատվությունը դիտարկելով նաև «երրորդ երկրներից» բխող խոչընդոտներն ու խնդիրները չեզոքացնելու դաշտում:
Շատ կարևոր է, որ Եվրամիությունն այս անգամ Հայաստանին չթողնի միայնակ, ինչպես թողեց 2013 թվականին:
Այդօրինակ արգելքները Հայաստանը միայնակ չի կարող հաղթահարել: Ռիսկերի հաղթահարումը թողնել միայն Հայաստանի դաշտում, նշանակում է ռիսկի ենթարկել սեփական ծրագրերն ու մտադրություններն ու Արևելյան գործընկերների հետ հարաբերության հեռանկարը:
Հայաստանն էլ իր հերթին, ինչպես հուշում է ողջախոհությունը, պիտի անի իրենից կախված ամեն ինչ եվրոպական այս մտադրությունների կենսագործման համար, որովհետև ողջախոհ յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ է, թե ինչ կենսական, անվտանգային նշանակություն ունի Եվրամիության այդ գործուն օժանդակության հեռանկարը և քաղաքական ինչ մեծ բաց կարող է առաջանալ, եթե այն մնա թղթի կամ առավել ևս ընդամենը հայտարարությունների մակարդակի վրա»: