«Մեծ պատիվ է ինձ համար վերադառնալ ձեր գեղեցիկ երկիր: Ես առիթ էի ունեցել 3 տարի առաջ պաշտոնական այցով այստեղ լինել: Այսօր այցելեցի Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ 3 տարի առաջ մի ծառ էի տնկել»,-այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Հայաստան կատարած այցի շրջանակներում ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Նա շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ ընտրությունների արդյունքում վերընտրվելու և մանդատ ստանալու համար:
«Դա լեգիտիմություն է ձեզ տալիս՝ գործելու և բարեփոխումները իրագործելու համար: Եվրամիությունը ցանկանում է հավատարիմ և ակտիվ գործընկեր լինել Հայաստանի զարգացման և բարօրության համար: Մենք ձեր կողքին ենք»,-ընդգծեց Եվրախորհրդի նախագահը։
Նա նշեց, որ իրենք ազդված են պատերազմից, որը հարվածել է Հայաստանին, բոլոր նրանց իրավիճակից, որոնք այս կամ այն կերպ տուժել են պատերազմից:
«Ցանկանում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին: Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին իր աշխատանքներում»,- ասաց Շառլ Միշելը:
Ըստ նրա՝ կայունություն և բարօրություն բերելու համար այս տարածաշրջանին, պետք է 4 կետ առանձնացնել:
«Առաջին կետը չափավոր դիսկուրսն է, չափավոր հռետորաբանությունը՝ փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կոնկրետ օրինակ՝ գերիների հարցը, վերջին շաբաթների ընթացքում առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը, Եվրամիությունն այլ գործընկերների հետ խոսել է գերիների և ականապատման քարտեզների հարցի մասին: Հուսով ենք, որ պատասխանատու և դրական կերպով առաջ կգնանք:
Երկրոդ կետը սահմանազատումն է, հուսով ենք, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսությունների գործընթաց սկսել: Օգտակար կլինի, որ վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի զինված ուժերը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:
Երրորդ կետը, մեր կարծիքով, պետք է կարողանալ քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցություների մասին:
Եվ չորրորդ կետն ավելի ընդհանուր, խաղաղության վերահաստատման հարցը: Ես շատ ուշադիր եմ մշակութային ժառանգության հարցի շուրջ, որը թերևս հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ»,-ասաց Շառլ Միշելը: