Ադրբեջանը պատրաստ է նոր բախումներ հրահրել Արցախում և հայ- ադրբեջանական սահմանին. Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկան համատեղ ասուլիսով:

«Գործընկերոջս հետ ունեցած արդյունավետ և կառուցողական զրույցների ժամանակ մտքեր ենք փոխանակել Հայստանի և Եվրոպական Միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում սա իմ երկրորդ հանդիպումն է պարոն Միշելի հետ և հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրոպական միության շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ կայացած քննարկումների առանցքում եղել են ներկա և ապագա ծրագրերը: Անդրադարձել են 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ ի դեմս նոր տիպի կորոնավիրուսի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին և դրա հետևանքներին:

«Այս համատեքստում հատուկ ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը և գոհունակությունը ԵՄ նախագահ Միշելին, թե՛ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների մեղմման, և թե՛ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար»,-հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով 2020 թվականի իրադարձություններին տարածաշրջանում, նա ասաց, որ դրանք ստեղծել են նոր իրականություն.

«Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը պատրաստ է նոր բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային և դելիմիտացիային ուղղված աշխատանքները:

«Մեր բանակցություններում, որպես առաջնահերթ գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու ադրբեջանի գործելակերպը նրա կողմից եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրական միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար:

Իր ելույթի ավարտին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կարևորում է Արևելյան գործընկերությունը, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների առանցքային նախաձեռնությունն է և լրջորեն նախապատրաստվում են դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովին՝ հույս ունենալով, որ այն կլինի արդյունավետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել