Արթուր Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, իմ որոշմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։
Պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց Արթուրի վաշտին էր վստահված: Պարբերաբար խոսում էի նրա հետ։ Արթուրի կատարած բացառիկ սխրագործությունները գնահատելու և նրան Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…

Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում բացի Արթուրից կորցրել է մյուս որդուն՝ Արսենին ևս…

Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի, նրանց հարազատների առջև…»:

Նշենք, որ օրեր առաջ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը գրել է․ «Երեկ մարեց մեր գաղափարական ընկերոջը՝ Արթուր Աղասյանին կրկին տեսնելու վերջին հույսը:

9 ամիս հուսալով փնտրելուց հետո երեկ Մատաղիսում գտնվել է ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միության Մարտունու խմբի պատասխանատու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանի աճյունը։

ՀՅԴ պատանեկան միության շարքերից անմիջապես «Մարտական խաչ»-ի ասպետ դարձած 19-ամյա սպան դեռ 2016 թ-ին է իր սխրանքներով ապացուցել նվիրվածությունը հայրենիքին ու որդեգրած գաղափարախոսությանը:

«Ինձ հերոս կզգայի, եթե մեր կորցրած դիրքերը հետ վերցնեինք: Այդ ժամանակ հետմահու, թե ողջ, մեդալով, թե առանց մեդալի, ինձ հերոս կզգայի», -ասում էր ապրիլյան պատերազմի հերոս Արթուրը:

Ցավոք, այս պատերազմը մեզնից խլեց նաև Արթուրին: Նա անձնվիրաբար պայքարեց հայրենիքի ազատության համար և ընկավ նենգ ոսոխի հարվածից:

Այսօր ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները սրտի մեծ կսկիծով են հիշում զրուցասեր, աղմկոտ, աշխույժ բայց և կազմակերպված, կարգապահ, միությանը նվիրված, դաշնակցականին վայել կեցվածքով Արթուր Աղասյանին:

Հավերժ փա՛ռք քեզ, ընկե՛ր…»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել