Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր՝ հուլիսի 16-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին ներկայացրեց ինձ՝ որպես Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման պատասխանատու պաշտոնում իմ նշանակման առթիվ և վստահեցնում, որ ՀՀ վարչապետի, կառավարության և մեր հպարտ քաղաքացիների խոստումնալի աջակցության շնորհիվ տեղական կառավարման ոլորտի իմ գիտելիքները, փորձն ու նվիրումն անմնացորդ կծառայեցնեմ Մեղրի համայնքի ու տարածաշրջանի կայուն և տևական զարգացման համար:
Մեր աշխատանքի հիմքում կլինեն օրենքի և իրավունքի գերակայության, տարածաշրջանային անվտանգության, ներքին և արտաքին շահակիցների առջև թափանցիկության ու համագործակցայնության հաստատման, պահպանման առաջնահերթությունները: Լինելով համայնքի բնակիչ՝ համակողմանի ծանոթ եմ համայնքի բազմաթիվ խնդիրներին՝ այնուամենայնիվ լիահույս, որ օրենքով առաջնորդվելու ու քաղաքացու կյանքը բարելավելու միտումով աշխատելու դեպքում քայլ առ քայլ կհասնենք մեր ցանկալի արդյունքին:
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, բոլորս էլ համոզված ենք, որ մեր համայնքում ապագա կա, որի կերտողներն էլ մենք ենք լինելու»: