ԱՊՊԱ կտրոնը փակցված չէր, քանի որ մեքենայի դիմապակին ճաքած էր և ենթակա էր փոխելու

Դ.Պոլուսյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 23.08.2011թ. թիվ ԱԳ557801 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, հայցվորը 23.08.2011թ. ճանապարհային ոստիկանության ընդունած ԱԳ557801 որոշումով ինքը ենթարկվել է վարչական տույժի` 10 000 դրամ տուգանքի («Վարորդը ավտոմեքենան վարում էր տրանսպորտային միջոցն առանց ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում չփակցնելու»։)։ Այդ որոշումն ընդունելու ճանապարհային ոստիկանության գործողություններն ինքը վերադասության կարգով գանգատարկել է ՀՀ ոստիկանապետին, քանի որ որոշումն ընդունող մարմինը ճանապարհային ոստիկանությունն է, իսկ նրա վերադասը` ՀՀ ոստիկանությունը։ 16.09.2011թ ճանապարհային ոստիկանության ուղարկած պատասխանից իրեն հայտնի է դարձել, որ իր դիմումը վերահասցեագրվել է նրան, ընդ որում առանց այդ մասին իրեն ծանուցելու, ինչը պահանջում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը։ Վերահասցեագրվել է այն մարմնին, որի գործողություններն ինքը գանգատարկել է։
Բացի այդ, իր պատասխանով ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ «կայացված որոշումը թողնվել է անփոփոխ»։

Հայցվորի բացատրությամբ՝ ԱՊՊԱ կտրոնը փակցված չէր, քանի որ մեքենայի դիմապակին ճաքած էր և ենթակա էր փոխելու։ Այդ պետք է աներ մոտ օրերը և արել է /ապացույցը կցվում է/։ Կտրոնը ապակուն փակցնելուց հետո, առանց այն վնասելու ապակուց չի անջատվում և ապակին փոխելուց հետո ինքը կմնար առանց ԱՊՊԱ կտրոնի։ Այդ մասին ինքը հայտնել է տեսուչին, սակայն նա այդ հանգամանքը հաշվի չի առել։

Գործով պատասխանողը դատարանում պնդել է, որ հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն իրավաչափ է, ընդունվել է ճիշտ վարչարարության արդյունքում, ակտով արձանագրված խախտումն առկա է` պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց հայցը մերժել։

Չնայած դատարանի կողմից ձեռնարկված բոլոր միջոցներին դատաքննությամբ չի պարզվել հայցվորի դիմումը ՀՀ ոստիկանությունում մուտքագրելու, այսինքն վարչական վարույթի հարուցման օրը։ Դատաքննությամբ որևէ ապացույց ձեռք չի բերվել նաև այն մասին, որ ՀՀ ոստիկանությունը ոչ միայն օրենքով սահմանված 30 օրյա ժամկետում, այլև ընդհանրապես վարչական բողոքի քննարկման արդյունքում ընդունել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը։

Դատաքննությամբ հաստատվել է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել, ինչը նշանակում է, որ հայցվոր Դ.Պոլուսյանի կողմից ակնկալվող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 23.08.2011թ. թիվ ԱԳ557801 որոշումը վերացնելու մասին վարչական ակտը օրենքի ուժով համարվում է ընդունված։

Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը հաստատված է համարել, որ օրենքի ուժով ընդունված վարչական ակտի հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 23.08.2011թ. թիվ ԱԳ557801 որոշումը վերացվել է, այսինքն` այլևս իրավաբանական ուժ չունի, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված կարգով չի կարող վիճարկվել։

Դատարանի գնահատմամբ արդեն իսկ անվավեր ճանաչված (վերացված), կամ որ նույնն է այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին հայցվորի պահանջն արդեն հանդիսանում է առարկայազուրկ, հետևաբար այն ենթակա է մերժման։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել