Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբեր են վաճառվել․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու ԱԳԸԲԿ բաժանմունքների ծառայողները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։

Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։ Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց գնորդներից մեկը։

Արմավիրի մարզի Դողս գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «լիրիկա» գրառմամբ 9 հաբ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Այնուհետև քրեական հետախույզները հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 40-ամյա կնոջը։ Շուտով պարզվեց, որ նա 8 հաբ էլ վաճառել էր մեկ այլ տղամարդու։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեղատունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց «լիրիկա» գրառմամբ 94 հաբ, որոնք առգրավվեցին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ դեղատան տնօրենը հաբերը ձեռք էր բերել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում բնակվող 49-ամյա մի կնոջից, որը նույնպես հայտնաբերվեց ու տվեց խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել