Հուլիսի 11-ին, Քրիստոսի պայծառտակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, ճանապարհային ոստիկանությունը մարզերում իրականացրեց ուժեղացված ծառայություն։
Ճանապարհային ոստիկանության ուժերը կենտրոնացած էին հատկապես հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում։
1 օրում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների միջոցառումներով հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ։ Տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 1019 արձանագրություն։
Չնայած բազմաթիվ հորդորներին ու զգուշացումներին՝ այդուհանդերձ մտահոգիչ էր, որ գտնվեցին վարորդներ, որոնք մեքենան վարում էին անսթափ վիճակում՝ վտանգելով իրենց, ուղևորների ու երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվեցին ոչ սթափ 124 վարորդ, որոնցից 33-ը տեղում՝ 1 տարի ժամկետով զրկվեցին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 32 վարորդ մեքենան վարում էր առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 83 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 2-ը առանց համարանիշի էին, մեկն էլ՝ փոխարինված համարանիշով։ Հայտնաբերված խախտումներից 14-ով նախապատրաստվում են նյութեր՝ նախաքննական մարմին ուղարկելու համար։
Ամփոփելով ճանապարհային ոստիկանության գերծանրաբեռնված 1 օրը՝ նշենք, որ Վարդավառի օրը մարզերում և հանգստյան գոտիներ տանող ճանապարհներին նաև ճանապարհային ոստիկանության ծառայության շնորհիվ ողբերգական ելքով որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել։