Ո՞ր դեպքերում է տրանսպորտային միջոցը բերման ենթարկվում

Ճանապարհային երթևեկությունը կարգավորողը, պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ, եթե առկա են ստորև նշված հիմքերը.

1. վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում.

2. վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.

3. վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի.

4. վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական.

5. վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով.

6. վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների.

7. վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի.

8. վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների.

9. վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի.

10. տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք.

11. տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար, որի հետևանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.

12. սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը.

13. տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.

14. տրանսպորտային միջոցը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով.

15. բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:

1-6 կետերով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ, տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել