Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը:
«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմները: Նախադպրոցական կրթական ծրագրերից բացի՝ լիցենզավորման դաշտ կբերվեն նախադպրոցական ծառայությունները, ինչը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն կիրառել նաև, այսպես կոչված, զարգացման կենտրոնների և տարաբնույթ ծառայությունների նկատմամբ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ դա կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, կլիցենզավորվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Գործող կենտրոնները պետք է դիմեն լիցենզիայի վերաձևակերպման օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Լիցենզիայի վերաձևակերպման դեպքում պետական տուրք չի գանձվում։