Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերը նշված գյուղի բնակչուհի Ն. Ա.-ն իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք:

Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր Դատախազությունից:

 Մասնավորապես, Ն. Ա.-ն, ում գործատուն` «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Ս. Հ.-ն, նույնպես առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով 2021 թվականի հունիսի 18-ին իր համագյուղացուն անձամբ առաջարկել է 10.000-20.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն վերջինս մերժել է: Այնուհետև Ն. Ա.-ն իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և արտահերթ ընտրություններին նույն դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար որպես առավելություն խոստացել է զիջել նախկինում իր կողմից մատուցած ծառայությունների արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել