«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։
Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով։
Այս պայմաններում արդյո՞ք երկրում կարող է ապահովվել երկարաժամկետ զարգացում, կայունություն և անվտանգություն։ Միանշանակ ոչ։
Արդյո՞ք կապիտուլյանտները կարող են դուրս բերել երկիրն այս մղձավանջի նմանվող իրադրությունից։ Միանշանակ ոչ։
Անկախ քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայից, տարբեր ուժերի կամքից կամ ցանկությունից, որոշակի պարբերականությամբ երկիրը ցնցումների փուլ է մտնելու։
Արդյո՞ք համակարգը պատրաստ է նման իրավիճակային զարգացումների։ Միանշանակ ոչ։
Անկախ հասարակության՝ քաղաքական տարբեր ուժերի նկատմամբ հակասական վերաբերմունքից, սիմպատիայից պետք է գիտակցել, ներկայիս իշխանությունը երկիրը տանելու է նոր փորձությունների և կորուստների ճանապարհով, սրանց հետ երկիրը զիջումներից զերծ պահելու շանս չկա։
Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն ունենալու բոլորիս վրա»։