Հուլիսի 6-13-ը․ փոխնախարարը հայտնում է, որ ուսուցիչները կարող են դիմել կամավոր ատեստավորման համար՝ երկրորդ փուլով

Ուսուցիչները կարող են դիմել կամավոր ատեստավորման համար երկրորդ փուլով՝ հուլիսի 6-13-ը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Հիշեցնեմ, որ պահանջվող փաստաթղթերն են․

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին,
  • տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք),
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Հիշեցնեմ, որ կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։

Մինչ այս ընդունված դիմումները կազմում են շահառու խմբի (նշված դասարանների և առարկաների) ուսուցիչների շուրջ 11 տոկոսը։

Նշեմ նաև, որ բոլոր այն ուսուցիչների դիմումները, ում փաստաթղթերն ամբողջական են եղել, համարվում են ընդունված, իսկ այն ուսուցիչները, որոնց փաստաթղթերը թերի է եղել, գրավոր ստացել են իրենց դիմումի հետ կապված արձագանք։

Երկրորդ փուլը հայտարարել ենք, որովհետև ստացել էինք դիմումներ նաև հայտարարված ժամկետից հետո, ուստի նպատակահարմար գտանք ևս մեկ հնարավորություն տալ՝ դիմելու համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել