7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի դեմ:
Թովմասյանը պահանջում է, որ Լենա Նազարյանը վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի:
Դատական գործը մակագրված է դատավոր Սերգեյ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց զոհված զինծառայողների պղծված դիերի մասին։ Ելույթի ավարտին հնչեց «իդիոտկա» արտահայտությունը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կողմից։
Թագուհի Թովմասյանն իր հաջորդ ելույթում ասաց․ «Քիչ առաջ իմ ելույթի ժամանակ խոսում էի պղծված դիերի մասին և որպես արձագանք՝ նախագահողը իրեն թույլ է տալիս ելույթից հետո վիրավորական արտահայտություն իմ հասցեին։ Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում եմ ներողություն խնդրել ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու։ Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո։ Լրատվամիջոցները ողողված են ձեր խոսքով, հերքելու կարիք չկա, բարձրախոսը միացված է և դուք իմ հասցեին պարզ ասում եք վիրավորական արտահայտություն։ Փոխանակ ներողություն խնդրեք, որ դուք, ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, դուք քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ, ամաչեք ուղղակի դրա փոխարեն։ Էս ինչ վարքագիծ է ընդհանրապես։ Ինչ եք ուզում ապացուցել։
Ես, երբ մի անգամ այս ամբիոնից ասացի, որ էս պատերազմը կոնկրետ հետևանք է թողել, իմ մաշկին ես դա զգում եմ, ձեզ թվում է ես ուղղակի խոսքեր եմ ասում, դուք Երևանում նստած ոչնչից տեղյակ չեք։ Դուք չեք զգում՝ ինչ է կատարվել Հայաստանում նոյեմբերի 9-ից հետո»,-ասաց նա։
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն արձագանքեց՝ նշելով․ «Տիկին Թովմասյան, եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների ու ապրումների մասին՝ չի նշանակում, որ ես չեմ զգում և չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք»։