54-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն. ոստիկանություն

Հունիսի 26-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին. որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Ավազան գյուղի 65-ամյա մի բնակիչ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ հայտնեցին, որ տուժած տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու: Վնասվածքը ծանր էր:

Վարդենիսի ոստիկաններն անցան գործի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը. նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Ավազանի գյուղամիջում վիճաբանել էին 21-ամյա և 54-ամյա համագյուղացիները: Թեման ավելի քան արդիական էր` խմելու ջուրը կտրել էին: Վեճի ընթացքում տղամարդը ձեռքով ու քարերով հարվածներ էր հասցրել երիտասարդին: Սրանով, սակայն, վեճը չէր ավարտվել: Երիտասարդը հոր հետ գնացել էր 54-ամյա տղամարդու տան բակ`հարցերը պարզելու, սակայն ընդհանուր հայտարարի գալ չէր հաջողվել: Ծեծկռտուք էր սկսվել, որի ընթացքում տանտերը տնից վերցրել էր խոհանոցային դանակն ու խփել երիտասարդի հորը` առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ոստիկանություն բերման ենթարկված տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և ձերբակալվել:
Հարուցվել է քրեական գործ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել