Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Արզաքանցյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր ընդունել է Տիգրան Արզաքանցյանին:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Արզաքանցյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար: Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց: Հույս ունեմ՝ վստահ եք, որ դա Հայաստանի օրենսդրության նրբությունների հետ է կապված, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումն է: Այնուամենայնիվ, ես այսօր կարևոր եմ համարում քննարկումը հետագա թեմաների մասին: Ձեր տեսակետները կուզենայի լսել՝ ինչ պետք է մենք անենք, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և հասանելի լինեն միմյանց համար: Կուզենայի նաև Ձեր դիրքորոշումներն իմանալ Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Շնորհակալ եմ:

Տիգրան Արզաքանցյան – Շնորհակալ եմ հրավերի համար: Ամենակարևորը, որ մեր կուսակցությունն ունի շատ բարելավ ծրագրեր: Ես շատ կուզենայի, որ այսօրվա նոր ղեկավարության հետ, կառավարության հետ մենք քննարկենք Արցախի շուրջ, կրթության համակարգի, տնտեսության զարգացման շուրջ հարցեր: Ես ինձ համարում եմ հայրենասեր հայ և կուզենայի անձամբ իմ հայրենիքի համար իմ գիտելիքներն ու ծրագրերը, ներդրումները, որ ժամանակին կատարել եմ, լինեն արդյունավետ, մեր երկրին ծառայեն, այսօրվա իշխանության հետ բանակցությունները կշարունակվեն:

Ես մտածում եմ մեր պետության զարգացման մասին, մեր կուսակցական ընկերները՝ նույնպես: Մենք կուզենայինք բոլոր այդ խնդիրների շուրջ համագործակցել, բանակցությունները լինեն շարունակական և արդյունավետ մեր երկրի զարգացման համար: Ամենակարևորն անվտանգությունն է, տնտեսության զարգացումը, ընտրությունները գալիս-գնում են, վերջանում են, դրանով չի վերջանում կյանքը: Մենք պետք է շարունակենք, որ, ամենակարևորը, կարողանանք մեր երկրի անունը բոլոր տեղերում բարձր պահել ու զարգացնել: Այս ընտրության արդյունքներն էլ արդեն բոլորիս համար պարզ են: Դրանով, կրկին ասում եմ, կյանքը չի վերջանում: Մենք պատրաստ ենք արդյունավետ համագործակցել ու քննարկել բոլոր հարցերը:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել