Փոփոխվում է դատավորների ընտրության գործընթացը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր քննարկեց մի խումբ հարցեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2012-2016 թթ. դատական բարեփոխումների ծրագրով: Փոփոխությունները վերաբերում են դատավորների ընտրության գործընթացին: Նախատեսվում է օրենքով սահմանել դատավորների ընտրության կարգն ու չափորոշիչները, ապահովել թափուր տեղի մասին հայտարարության հրապարակումն ու լայնորեն տարածումը, հանրության համար թեկնածուների ցանկի մատչելիությունը: Ակնկալվում է ընտրող մարմնի անկախություն չպետք է իրականացվի անձի անցյալի այլ ստուգում, բացի նախկինում դատվածության վերաբերյալ ստանդարտ ստուգումը: Ըստ արդարադատության նախարարի՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կավելանա դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը եւ հնարավոր կլինի գնահատել հավակնորդի՝ որպես դատավոր աշխատելու ունակությունն ու արդյունավետությունը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվաության բաժնից:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղան առաջարկներ, որոնց մի մասը նախարարն ընդունելի համարեց: Փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում:

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հանձնաժողովի գնահատմանն առաջարկեց իր եւ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի մշակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ ընտրությունների ավարտից հետո երկու օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում ըստ տեղամասերի` որոնման եւ ներբեռնման հնարավորությամբ:

Օրինագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, քանի որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, առաջարկվող փոփոխությունը հակասահմանադրական է. այն խախտում է քաղաքացու ընտրական իրավունքի գաղտնիությունը:

Ապա հանձնաժողովը քննարկեց պատգամավոր Դավիթ Հարությունյանի հեղինակած «ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի հստակեցնել օրենսգրքերում առկա անհստակությունները եւ լրացնել բացթողումները: Այս փաթեթը եւս դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկով հանձնաժողովն այնուհետ քննարկեց «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ Դատական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի օրենսգրքերի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով հանձնաժողովը քննարկեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վերանվանել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Այս օրինագծերի վերաբերյալ եւս հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել