Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է դատավոր Մանվել Շահվերդյանի հաղորդումը՝ ուղղված խորհրդին։
Հիշեցնեն, որ այսօր վաղ առավոտյան ձերբակալությունից ազատ է արձակվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր․
«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: