«Կրակոցից անմիջապես հետո կապվել եմ ոստիկանապետի հետ: Նա մի քանի տարբեր ստորաբաժանումների ոստիկանների հանձնարարել է գալ դեպքի վայր, անհրաժեշտ աշխատանքներն իրականացրել են մասնագետները, մեքենան տեղափոխել են ոստիկանության հրապարակ»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը:
Նա նշեց, որ կա ձայնագրություն, հանցագործի պատկերը հնարավոր է եղել դուրս բերել:
«Ես տեսա ձայնագրությունը, դիմակավորված, կապիշոնով, սպիտակ հագուստով, սև ատրճանակը ձեռքին: Մանրամասներ չկան կրակոցի պահից, բայց հայտնաբերվել է փամփուշտի պարկուճը»,-ասաց Արման Բաբաջանյանը:
Ըստ Արման Բաբաջանյանի՝ այս դեպքը քաղաքական գործընթացները վախի մեջ խեղդելու փորձ է:
Փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով` երեկ տեղեկություն է տարածվել, որ կուսակցությունների և դաշինքների առաջին համարները պետք է զգույշ լինեն:
«Սա Սահմանադրական կարգի և հիմունքների, պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մեջ եմ դասում: Պետական հասարակական գործչի նկատմամբ սպանության փորձ էր սա»,-ասաց նա:
Արման Բաբաջանյանն ասաց, որ անուններ չի նշի, բայց շատ լավ պատկերացնում է, թե ովքեր կարող են լինել:
«Մեզ որևէ կրակոցով չեն կարող վախեցնել»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Կրակել են ավտոմեքենայիս վրա:
Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»: