Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյուքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:
Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2021 թվականի փետրվարի 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության Boeing B737-300 տիպի օդանավի Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու կապակցությամբ, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի Զվարթնոց օդանավակայանում»:
Հիշեցնենք, որ Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Հայկական օդանավի առևանգու՞մ,
Հերթական խաբեությու՞ն,
Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում:
Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին»:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն փետրվարի 23-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․
«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:
Այնուհետև նշվեց, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։