Շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել․ Փաշինյանը՝ Ալիևին հանձնած քարտեզների մասին

Եղվարդում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Երեկ ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր՝ կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ։ Շատ տարօրինակ իրադրություն էր ստեղծվել։

Փաստորեն, այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր կամ ցանկանում էր կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու, և հիմա էլ սուգ ու շիվան են դրել, թե բա մեր քարտեզները տվել են, մեր ունեցած-չունեցածը տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել, և այն, և այլն։

Ես երեկ հայտարարեցի՝ այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին։ Բայց տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան ունենք, բոլորը վերադարձվել է։ Ամենևին այդպես չէ։

Վերադարձվել է մի փոքր մասը, բայց չեմ կարող ասել ոչ շոշափելի մասը։ Շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 13-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր․

«Մամուլում տեղեկություն կա, որ մենք ականապատ դաշտերի քարտեզներ ենք փոխանցել Ադրբեջանին։ Դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը։

Բայց ես ուզում եմ ասել, որ մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել։ Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններով անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։

Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի թիկունքում։ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին զուգընթաց մենա պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանակել ենք Ադրբեջանին, որպեսզի գերիների փոխանակման մարմինների փնտրտուքի հարցում կառուցողական մթնոլորտ ստեղծենք։

Բայց ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի ձևով Ադրբեջանի ղեկավարությունը դադարեցրեց մեր գերիների վերադարձը և դիմեց միջազգային ատյաններին, որ Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել։

Պաշտոնապես ասում եմ՝ մենք երբեք չենք հրաժարվել դրանից։ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը։ Եվ մենք նույնիսկ այդ պայմաններում, երբ ՌԴ ԱԳ նախարարը եկել էր Երևան և նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե կոչ են անում, որ նաև ականների տեղեկությունների փոխանակում տեղի ունենա, ես նաև Սերգեյ լավրովի հետ եմ որոշակի քարտեզներ ուղարկել Ադրբեջանին։

Եվ էլի ուզում եմ ասել, որ մենք ամենևին էլ չենք ընկալում, որ քարտեզները փոխանակում ենք գերիների հետ։ Մենք ընկալում ենք, որ քայլին պատասխանում ենք քայլով։ Մենք էլի պատրաստ ենք այդ գործընթացը շարունակել և առաջնահերթ խնդիր ենք դրել, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը»։

Փաշինյանը նաև հայտնել էր, որ 15 րոպե առաջ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ ՀԻմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասել էր նա։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին», հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնել էր, որ Երևանը Բաքվին է հանձնել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը՝ 15 գերիների դիմաց։

«Պայմանագրի համաձայն, 2021 թ.-ի հունիսի 12-ին՝ Ադրբեջանի Աղդամի շրջանում 97,000 տանկերի և հակահրթիռային ականների քարտեզները տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ տեղափոխվեցին Հայաստան՝ ադրբեջանա-վրացական սահմանով», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Մեր գերեվարված եղբայրներից ևս 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն։ Բայց ես մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի, նրանք ճանապարհին են, երբ որ կլինեն ՀՀ տարածքում, ես դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ։ Էս պահին եկեք էսքանով սահմանափակվենք։

Ես հույս ունեմ, որ Գավառում մեր հավաքի ժամանակ կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց այս պահին հետևյալն է՝ 15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և այս պահի խնդիրն է իրենց ընդունենք, հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք մյուսների վերադարձի հարցերով:

Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չենք կասկածում, որ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք։ Դա ժամանակի խնդիր է, և մեզ պետք է համբերություն։

Ես ուզում եմ ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում և նրանց վերադարձն էլի հետաձգվում է։ Ես հույս ունեմ, որ նրանք ըմբռնումով կմոտենան։ Որովհետև հիմա սա ամենադժվար պահն է, երբ, ցավոք, չենք կարող բոլորին միանգամից վերադարձնել, և որ վերադառնում է մի մասը։

Իհարկե, այսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար էդ սպասման բեռն ու ծանրությունն ավելի կծանրանա։ Բայց այս է ճանապարհը։ Մենք մեր եղբայրներին պետք է խումբ-խումբ վերադարձնենք։

Եվ մենք ամեն ինչ անում ենք էդ նպատակն իրագործելու համար։ Եկեք հիմա մանրամասներ չասեմ։ Նրանք որոշ ժամանակ անց կլինեն ՀՀ տարածքում, և այդ ժամանակ արդեն լիարժեք անուն-ազգանուններով, բնակավայրերով, այլ հանգամանքներով ես ավելի մանրամասն կասեմ։

Այնպես որ, եկեք մեր եղբայրներին բարի վերադարձ մաղթենք»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել