15 գերիների դիմաց Բաքուն Երևանից ստացել է Աղդամի ականազերծված դաշտերի քարտեզը․ ՌԻԱ Նովոստի

Երևանը Բաքվին է հանձնել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը՝ 15 գերիների դիմաց։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

«Պայմանագրի համաձայն, 2021 թ.-ի հունիսի 12-ին՝ Ադրբեջանի Աղդամի շրջանում 97,000 տանկերի և հակահրթիռային ականների քարտեզները տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ տեղափոխվեցին Հայաստան՝ ադրբեջանա-վրացական սահմանով», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Մեր գերեվարված եղբայրներից ևս 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն։ Բայց ես մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի, նրանք ճանապարհին են, երբ որ կլինեն ՀՀ տարածքում, ես դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ։ Էս պահին եկեք էսքանով սահմանափակվենք։

Ես հույս ունեմ, որ Գավառում մեր հավաքի ժամանակ կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց այս պահին հետևյալն է՝ 15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և այս պահի խնդիրն է իրենց ընդունենք, հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք մյուսների վերադարձի հարցերով:

Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չենք կասկածում, որ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք։ Դա ժամանակի խնդիր է, և մեզ պետք է համբերություն։

Ես ուզում եմ ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում և նրանց վերադարձն էլի հետաձգվում է։ Ես հույս ունեմ, որ նրանք ըմբռնումով կմոտենան։ Որովհետև հիմա սա ամենադժվար պահն է, երբ, ցավոք, չենք կարող բոլորին միանգամից վերադարձնել, և որ վերադառնում է մի մասը։

Իհարկե, այսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար էդ սպասման բեռն ու ծանրությունն ավելի կծանրանա։ Բայց այս է ճանապարհը։ Մենք մեր եղբայրներին պետք է խումբ-խումբ վերադարձնենք։

Եվ մենք ամեն ինչ անում ենք էդ նպատակն իրագործելու համար։ Եկեք հիմա մանրամասներ չասեմ։ Նրանք որոշ ժամանակ անց կլինեն ՀՀ տարածքում, և այդ ժամանակ արդեն լիարժեք անուն-ազգանուններով, բնակավայրերով, այլ հանգամանքներով ես ավելի մանրամասն կասեմ։

Այնպես որ, եկեք մեր եղբայրներին բարի վերադարձ մաղթենք»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել