Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար։ Այս մասին հայտնում է Հանրային Հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը։
«Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը:
Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն:
Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար:
Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ Արմեն Աշոտյանն այսօր՝ հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իրենց նախընտրական, քարոզչական հոլովակը, որը Հ1-ը մերժել է:
«Մեր տեսահոլովակում ներառված են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից հատվածներ, մասնավորապես՝ նախագահ Սարգսյանը խոսում է այն մասին, որ կազինոների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Հ1-ի աշխատողները մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը: Տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր Հայաստանի ամենաատելի օլիգարխներից Խաչատուր Սուքիսյանին (Գռզոյին), որը հանգարվանել էր դավաճանների ցուցակում, որպես 5-րդ համար: Այդտեղ կար հետևյալ հատվածը, որ Գռզոն ՀՀ-ի ամենաատելի օլիգարխն է: Առաջին դրվագը Հանրայինը մերժել է, որպես վիրավորանք, 2-րդ դրվագը՝ որպես զրպարտություն»,-այս մասին ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոքով՝ Հ1-ը նշանակել է իրավաբանի, որի հետ պետք է բանակցեն «Պատիվ ունեմ» շտաբի իրավաբանները:
Աշոտյանը նշում է, որ այդ խնդիրները դատական իշխանության գործերն են և Հ1-ը չունի իրավունք գնահատական տալ իրենց հոլովակներին: