Այո, ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը․ Օնիկ Գասպարյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Օնիկ Գասպարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Օնիկ Գասպարյանի դուստրը՝ Հասմիկ Գասպարյանը։ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում, ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն,սակայն կան հանգամանքներ,որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։

Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի եւ որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը։

Ի դեպ, հատուկ նրանց համար,ովքեր մեղադրում են ինձ սուտ խոսելու մեջ,ներկայացնում եմ հատված նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունից.

«……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը…..»։

Այո ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք եւ ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը, միաժամանակ նշելով,որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին կամ զգացմունքային հայտարարություններ անում՝խուսափելով պատասխանատվությունից(որ հիմա ասեն մենք կապ չունենք)։

Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց եւ միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։

Եթե կարող էին թող չստորագրեին…..

Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ եւ էժանագույն քայլեր մի կատարեք։

Այլ հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին, եւ ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։

Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին.նախքան պատերազմը,պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական ժամանակահատվածում(այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը):

Համոզված եմ, որ կգա այն օրը երբ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ ասել էր․

«Գիտեք, որ ես վարչապետ եմ դարձել Օնիկն եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով։ Հետագայում իմ միջնորդությամբ նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում և պատերազմի ժամանակ իմ նախաձեռնությամբ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։

Երբ որ ես միջնորդել եմ Օնիկին նշանակել Գլխավոր շտաբի պետ, երբ որ խոսակցություն եմ ունեցել իրա հետ, ես իրան մենակ մի բան եմ ասել, ասել եմ՝ Օնիկ, գիտե՞ս, ես մենակ մի բանից եմ էս պատմության մեջ վախենում։

Ասել է՝ ինչի՞ց, ասել եմ՝ իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես, ինքն էլ ասել է՝ չէ, խնդիր չունես, մի անհանգստացի, և ես նշանակել եմ։ Եվ ես ուզում եմ՝ դուք իմանաք, որ նույնիսկ իմ քաղաքական մերձավորները կնեղանան և նեղացել են, բայց ես Օնիկին վստահել եմ իմ հարազատ ախպոր նման։

Ես իրա ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել։ Նույնիսկ երբ որ նշանակված էր, հուլիսյան մարտերի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասեց, որ սենց մի դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել, ես ասեցի՝ բացառված է, չեմ հավատում, որ ինքն ինձ սխալ բան զեկուցած լինի։ Խոսեցինք իրար հետ, ասեց՝ բացառված է, ես քեզ սխալ բան չեմ զեկուցի, ես էլ ասեցի՝ ես քեզ եմ հավատում, ես քեզ եմ հավատալու։

Եվ այդպես եղել է մինչև պատերազմն ավարտվելուց հետո։ Պատերազմի ընթացքում էլի եղել են դրվագներ, երբ որ Արցախից, նույնիսկ մեր գործընկերներն եկել են, ասել՝ էս դրվագը սենցա, ես զանգել եմ, ասել՝ Օնիկ ջան, սենց բան են ասում։ Վերջը, մենք եկել ենք էն եզրակացության, որ պատերազմի հետ կապված դրվագներով ես պետք է լսեմ մենակ իրա ասածը, և ես համաձայնել եմ, քանի որ ինքնա Զինված ուժերի անմիջական ղեկավարը։ Ինչի՞ է էս խոսակցությունը բացվել։ Երկու պատճառով։ Մեկը նոյեմբերի 20-ի իրադարձությունների պատճառով։

Նոյեմների 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ էդ հեռախոսային խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը։ Հետո պայմանավորվում են, որ իրար հետ պետքա հանդիպեն, հետո էդ իրիկունն Օնիկն ասում է՝ ուզում եմ գամ մոտդ։ Ասում եմ՝ արի։

Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը։ Ինքը, կարճ ասած, ինձ ասում է՝ որոշում կայացրու և հրաժարական տուր։ Ես իրան հետևյալն եմ պատասխանում, ասում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել, ինքն ասում է՝ երևի մի 4-5 օր չեմ քնել, ասում եմ՝ քեզ խնդրում եմ, գնա, քնի , հանգստացի, հա՞, արի էս խոսակցությունը մոռանանք, գնա, քնի, հանգստացի։ Հետո կանչում եմ իրան, ասում եմ՝ Օնիկ, տես, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահեմ՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ իմանալով, որ մենք իրար գիտենք «արմատներից»։

Ես կմոռանամ էդ պատմությունը, որ դու եկել, ասել ես, որ պետքա հրաժարական տաս և այլն և այլն։ Ես կմոռանամ էդ պատմությունը։ Ես ուզում եմ քեզ էլի լիարժեք վստահել։ Որից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան Գլխավոր շտաբի նկատմամբ։ Եվ որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որ ես համոզվում եմ, որ իրոք, շատ բաներ ինձ ճիշտ չեն զեկուցվել, և էդ ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս պրոբլեմներ։

Եվ ի վերջո, էլի խոսակցություն է բացվում, որ ակնարկներ կան, որ Գլխավոր շտաբը կարող է իմ հրաժարականը պահանջի։ Ես իրան ասում եմ՝ Օնիկ ջան, դու ինձ չգիտեմ՝ ինչքանով ես ճանաչում, չես ճանաչում, բայց ըտենց բաներն ինձ հետ չեն անցնելու։ Ես էլի ասում եմ՝ ես պատրաստ եմ մոռանալ, դուրս արի էդ տրամաբանությունից։

Եվ, ի վերջո, ինձ համար ակնհայտ է դառնում, որ Գլխավոր շտաբը քայլ-քայլ անցնում էընդդիմության շարքերը։ Եվ մի հայտնի իրադարձությունից հետո ես որոշում եմ կայացնում և՛ իրան, և՛ առաջին տեղակալին ազատել պաշտոնից։ Ընդ որում, երբ որ պատերազմի ժամանակ դուք տեսնեիք, թե ես իր ասածներին ինչպիսի անվերապահությամբ եմ հավատացել։ Երբ որ ինքն ինձ ասել է՝ Տիրան Խաչատրկանին պետք է տալ Ազային հերոսի կոչում, որովհետև ինքը հիմա էնտեղ միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհ կազմակերպի, ես դա չեմ էլ քննարկել։

Ասել եմ՝ եթե էսօր էդ պիտի անեմ ես, որ մենք ռազմի դաշտում հաջողություն ունենանք, ես դա կանեմ, քո ասածով ես դա կանեմ։ Եվ էսօր Տիրան Խաչատրյանը վերա կենում և իմ հասցեին ամենավերջին բաներնա ասում, բայց ես ուրիշ բան եմ ասում․ եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես էդ գնահատականին եմ արժանի, թող իրան տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետև արժանապատիվ սպա է, ու ինքը հմարում է, որ իրան հերոսի կոչում տալու միջնորդությունը ստորագրած մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն ինքը պետք է հրաժարվի հերոսի կոչումից առնվազն։

Եվ հաջորդ դրվագը՝ լուրեր են տարածվում, որ ես իբր նոյեմբերի 9-ի երեկոյան ես մղվել եմ, որ էդ թուղթը ստորագրեմ, և Օնիկնա ինձ զգուշացրել և թույլ չի տվել, որ էդ թուղթը ստորագրեմ, մինչդեռ իրականությունն ուղիղ հակառակն է։ Մարդիկ կան ներկա, 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասելա, որ պետք է ստորագրել, և ես էդ ժամանակ էլ չեմ մեղադրել իրան, որովհետև ես համարել եմ, որ ինքը պատերազմին մասնակցած մարդա, ոտքը կորցրած մարդա։ Ես չեմ մեղադրել, որ ինքը էդ դիրքորոշումն է ունեցել։

Ես ուրիշ բանի մեջ եմ մեղադրում, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրեն է տարածում։ Ես ուղղակի ասել եմ, որ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի և մենք միջոցներ ենք ձեռնարկել, էդ մասն էլ, ուրիշ մասեր էլ դուրս են եկել։ Ինձ ուրիշ բանա հետարքրքում՝ ինչիա՞ հակառակ լուրը տարածվում։ Եվ էդ փաստի վերլուծությունն ինձ լրիվ ուրիշ հետևությունների է բերում, որ կարո՞ղ է հընթացս ոչ թե որևէ մտահոգության պատճառով էր ինքն ինձ ասում ստորագրի, այլ ինքը մտածում էր, որ ինչքան վատը լինի էդ թուղթը, էդքան ավելի մեծ հնարավորություն կա, որ քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի մեր կառավարությանն՝ այդ թվում ինձ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել