Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի՛ր քեզ 2018 թվականին․ Խաչատուր Սուքիասյանի գրառումը

ԱԺ պատգմավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։

Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռեւս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։

Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։ Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։

Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին։ Հիշի´ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի´ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի´ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին։ Օլիգարխը դու էիր, երբ պետական լծակները քո ձեռքում էին, ու դու եւ քո հարազատները հարստանում էիք երկրաչափական պրոգրեսիայով»։

Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով «Իմ Քայլը» դաշինքի՝ նախկինում հնչեցրած թեզերին, որ «Հայաստանը թալանում են», «կառավարում են օլիգարխները», «ժողովուրդը կեղեքվում է» և «Հայաստանում աղքատություն կա, որովհետև կան հարուստներ», նշեց, որ «Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Խաչատուր Սուքիասյանը, դարձել է «բյուրեղյա, մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը»։

«Կամաց-կամաց հասարակությունը տեսնում էր, որ փաբերում պարտքով պիվա խմողներն ինչպես են սկսել թանկարժեք մեքենաներով երթևեկել, ինչպես են բնակարաններ և տներ ձեռքբերում, բայց դա պիտի ունենա իր շարունակությունը։ Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, (Խաչատուր Սուքիասյան) դարձավ բյուրեղյա, մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը»,- հավելեց Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել