ԱՏՁՄ-ն՝ ՀԿ-ի հասցեին հնչած տեղեկատվության անճշտությունների մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ՀԿ տնօրինությունը և վարչության խորհուրդը հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Հաշվի առնելով վերջին օրերին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն «ԱՏՁՄ» ՀԿ-ի հասցեին հնչած տեղեկատվության անճշտությունները, «ԱՏՁՄ» ՀԿ-ն հայտարարում է հետևյալը․

1․ 2019թ-ի հոկտեմբերի 6-9-ը «ԱՏՁՄ» ՀԿ կողմից ՀՀ Կառավարության գործուն աջակցությամբ կազմակերպվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը/WCIT 2019-ը։ Նշված միջոցառումը Հայաստանում կազմակերպելը աննախադեպ իրադարձություն էր ամբողջ Եվրոպական և հետխորհրդային երկրների մակարդակով, քանզի Հայաստանն առաջինն էր դրանց շարքում, ով ստացավ համաշխարհային մասշտաբի նման միջոցառում կազմակերպելու իրավունք։ Ինչպես մյուս երկրները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն այդ իրավունքը ստանալու համար վճարել է սահմանված 750 000 ԱՄՆ դոլար լիցենզիոն գումարը։ Հաշվի առնելով, որ այդ գումարները սովորաբար վճարում են կառավարությունները, մեր դեպքում նույնպես՝ ՀՀ կառավարությունը դա վճարել է «ԱՏՁՄ» ՀԿ միջոցով, քանզի ՏՏՀՀ 2019 կազմակերպելու բացառիկ իրավասությունը պատկանում էր «ԱՏՁՄ» ՀԿ-ին։

2․ Հայտնում ենք, որ «ԱՏՁՄ» ՀԿ գործունեության վերաբերյալ հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով ներկայացված են ՀՀ ՊԵԿ հարթակում, ինչպես նաև սույն թվականի ապրիլի 16-ին «ԱՏՁՄ» ՀԿ-ի տարեկան համաժողովի ընթացքում, և յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ «ԱՏՁՄ» ՀԿ գործունեության արդյունքներին: Մասնավորապես նշում ենք, որ ՀՀ Կառավարության ֆինանսական աջակցությունը կազմել է միջոցարման ընդհանուր բյուջեի 34%-ը, մնացած ծախսերը՝ ապահովել է «ԱՏՁՄ» ՀԿ-ն մասնավոր աղբյուրներից (Հովանավորչություն, ցուցահանդեսի մասնակցություն, մասնակցության վճարներ, այլ մասնավոր Ֆինանսական աջակցություն):

Հ․Գ․ Այսուհետ՝ «ԱՏՁՄ» ՀԿ գործունեության վերաբերյալ հարցեր, կամ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել անմիջապես «ԱՏՁՄ» ՀԿ-ին կամ հիմնվել մեր կողմից օրենքով սահմանված կարգով հրապարակված հաշվետվություններին՝ հանրությանը քաղաքական նկատառումներով մոլորության մեջ չգցելու և հատկապես՝ «ԱՏՁՄ» ՀԿ անունը անտեղի չշահարկելու համար»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել