Մեր Հայրենիքում՝ Արցախում՝ Շուշիում, պատրաստվում են համագործակցության ավելի մեծ շրջանակի պայմանագիր ստորագրել. պատգամավոր

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկականությունը վերացնելու անթաքույց քաղաքականություն վարող երկու թուրքական պետություններ մեր Հայրենիքում՝ Արցախում՝ Շուշիում, պատրաստվում են համագործակցության ավելի մեծ շրջանակի պայմանագիր ստորագրել։

Պատահական չի ընտրված օրն ու տեղը։ Չեմ զարմանա, որ խորհրդանիշների նկատմամբ սեր տածող այս պետությունների միջազգային հանցագործ ղեկավարները միացյալ պատմության նոր թվագրությունը սկսեն այդ օրից։

Մեր աչքի առջև կերպափոխվող աշխարհակարգի մամլիչների տակ չմնալու համար առնվազն պետք է հրաժարվենք մեզ հրամցվող խաղաղ, անհոգ ու հնազանդ կյանքի պատրանքներից, գնահատենք մեր փաստացի և պոտենցիալ ռեսուրսները, ամբողջական ու ոչ մի մասնիկ բաց չթողող արդյունավետ կառավարմամբ գործի դնենք ազգային ներուժն՝ իր ամբողջ համալիրությամբ ու ծավալով։

Օրն ի բուն, ամեն ժամ, ամեն վայրկյան հետևողական աշխատանք, դատողական պետականություն, երկարաժամկետ ռազմավարություն ու ամենամյա մարտավարություն և որ ամենակարևորն է՝ ՆԵՐՔԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝ ահա մեզ բաժին հասած առաջադրանքը, որ իրավունք չունենք տապալել։
Այլապես, ապրելն անիմաստ է։

Իսկ հաջողության դեպքում, որում ես համոզված եմ, մեզ սպասվելու է քաղաքակրթական զարգացման պոռթկում, որ ուղենշային է լինելու նաև այլոց համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել