Հայաստան ներմուծած ավտոմեքենաների համար 2մլն ՀՀ դրամի պահանջն անհիմն էր

ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վ.Մեսրոպյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` պետությանը պատճառված վնասը վերականգնելու պահանջի մասին:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, hայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստված նյութերով հաստատվել է, որ Վ.Մեսրոպյանը 2005-2007թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել 6 ավտոմեքենա, որից 2-ն իրացրել է, 2 ավտոմեքենա ներմուծել է բարեկամի և ընկերոջ համար, իսկ 2-ը շահագործում է անձամբ։ Վ.Մեսրոպյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետևանքով պետությանը պատճառված վնասը պարզելու համար նշանակված դատահաշվապահական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մեսրոպյանը 2000թ. մայիսի 16-ին գրանցված է եղել որպես անհատ ձեռնարկատեր և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 2009թ. հուլիսի 1-ի 21850909 եզրակացության համաձայն` Վ.Մեսրոպյանի հարկային պարտավորությունները կազմել են 1.999.985 դրամ։

Նախատեսված նյութերով հաստատվել է նաև, որ Ա/Ձ Վ.Մեսրոպյանը 2006թ. հոկտեմբերի 6-ին լուծարվել է, ինչպես նաև 2005թ. ներմուծած BMW մակնիշի ավտոմեքենան շահագործում է ինքը, իսկ 2006թ. ներմուծած ավտոմեքենան իրացրել է 2007թ., որի արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափի` 2մլն. դրամի վնաս։

Նկատի ունենալով, որ Վ.Մեսրոպյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համար սահմանված է պատիժ` ազատազրկման ձևով առավելագույնը 2 տարի ժամկետով, Վ.Մեսրոպյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշումը և 2009թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է և քրեական հետապնդում չի իրականացվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և վերը նշված որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա։

Հայցվորի դիրքորոշմամբ, քանի որ քրեական գործի հարուցումը մերժվել է, հետևաբար` Վ. Մեսրոպյանի կողմից հանցագործությամբ պետությանը պատճառված 2,. մլն դրամի վնասը բռնագանձելու հայց քրեական դատավարության կարգով չի հարուցվել, իսկ պետությանը պատճառված վնասը վերջինս կամովին չի վերականգնել։

Պատասխանողը հայցի դեմ առարկել է և հայտնել, որ ինքը ընդհանրապես տեղյակ չի եղել, որ իր նկատմամբ նյութեր են նախապատրաստվել և կատարվել է փորձաքննություն։ Իրեն ընդհամենը մեկ անգամ են հրավիրել բացատրութուն վերցնելու, որտեղ հայտնել է, որ ինքը, որպես ֆիզիկական անձ, Հայաստանի Հանրապետություն է ներկրել 4 ավտոմեքենա և կատարել համապատասխան վճարումներ, որից հետո որևէ տեղեկություն չի ունեցել գործի ընթացքի մասին։

Դատարանի եզրահանգմամբ՝ պատասխանողին գործի ընթացքի և կիրառված համաներման մասին չի ծանուցվել, որն էլ հանգեցրել է դատական պաշտպանության իրավունքի արգելքի։

Դատարանը հաստատված է համարում, որ քրեական գործի հարուցումը մերժվել է օրենքի խախտմամբ, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացուցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում։

Դատարանը փաստում է, որ նշված որոշմամբ տվյալ դեպքում հանցանքի կատարումը ապացուցված չի կարող համարվել, քանի որ որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ։

Ամփոփելով վերոգրյալը` դատարանը գտել է, Դատախազության կողմից ներկայացված հայցն չհիմնավորված լինելու պայմաններում այն ամբողջովին ենթակա է մերժման։

Ուստի դատարանը վճռել է հայցը մերժել:

Ներկայումս սույն գործով ՀՀ Գլխավոր դատախազությունը բերել է վերաքննիչ բողոք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել