Դատարանը բավարարել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության պետական խորհրդական Ա. Թամազյանը դիմումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության պետական խորհրդական Ա. Թամազյանը դիմում է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` վճռի կատարման շրջադարձ կատարելու մասին:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով 2-99 քաղաքացիական գործն ըստ Վիգեն Քոչարյանի դիմումի` իրավաբանական նշանակությունն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, 2007 թվականի օգոստոսի 13-ի վճռով դիմումը բավարարել է, վճռել է. «Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող 1086,56 քմ ընդհանուր մակերեսով շինությունը սեփականության իրավունքով տիրապետվում է «Արսեն-96» ՍՊԸ-ի կողմից: Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող 7750 քմ մակերեսով հողամասն օգտագործվում է ընկերության կողմից: Պարտավորեցնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի տարածքային ստորաբաժանմանն ընկերության անունով կատարել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող 1086,56 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում: Պարտավորեցնել ընկերությանն օրենքով սահմանված կարգով «Սևան» ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի հետ կնքել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող 7750 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր»:

Նշված վճիռն ի կատար է ածվել, այն է` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետական գրանցման 1-2 մատյանի 0173 համարի տակ 0,775 հա հողամասի նկատմամբ գրանցվել է ընկերության կառուցապատման, իսկ 846,94 քմ մակերեսով շինության նկատմամբ` սեփականության իրավունքը, և կոմիտեի աշխատակազմի Սևանի տարածքային ստորաբաժանման կողմից 2009 թվականի ապրիլի 15-ին տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 2385524 վկայականը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2012 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ բավարարել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2007 թվականի օգոստոսի 13-ի վճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վերաքննիչ բողոքը, նշված ճիռը բեկանվել է, և Վիգեն Քոչարյանի հայցը թողնվել է առանց քննության: Որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Վերոհիշյալ փաստարկմամբ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության պետական խորհրդական Ա. Թամազյանը դիմում է ներկայացրել վճռի կատարման շրջադարձ կատարելու մասին` խնդրելով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2-99/2007 քաղաքացիական գործով 2007 թվականի օգոստոսի 13-ին կայացված վճռի շրջադարձ կատարել և չեղյալ համարել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող 1086,56 ընդհանուր մակերեսով շինության նկատմամբ «Արսեն-96» ՍՊԸ-ի սեփականության, իսկ շինությամբ զբաղեցված 7750 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` կառուցապատման իրավունքները:

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի 1-ին մասի` եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:

Դատարանը բավարարել է դիմումը և որոշել է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 13-ի թիվ 2-99/2007 վճռի շրջադարձ. Չեղյալ համարել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող 1086,56 քմ ընդհանուր մակերեսով շինության նկատմամբ «Արսեն-96» ՍՊԸ-ի սեփականության, իսկ շինությամբ զբաղեցված 7750 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` կառուցապատման իրավունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել