«Յուքոմ» ՍՊԸ-ին GPON T063 սարքը բաժանորդի կողմից չի վերադարձվի

«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սյուզաննա Միկոյանի` գումարի բռնագանձման և գույքը հետ վերադարձնելու պահանջների մասին:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, hայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ «Յուքոմ» ՍՊԸ-ն հանդիսանում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատոր: Հայցվորը կատարել է հրապարակային հրավեր` իր կողմից մատուցվող էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններին (լայնաշերտ ինտերնետ, Այ Փի թվային հեռուստատեսություն, ֆիքսված հեռախոսակապ) բաժանորդագրվելու օֆերտա ներկայացնելու վերաբերյալ: 24.02.2011 թվականին պատասխանող Սյուզաննա Միկոյանը, ներկայացնելով բաժանորդագրման դիմում-հայտ, ակցեպտավորել է հայցվորի` «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ և պայմաններ» հրապարակային օֆերտան:

Բաժանորդին մատուցվել են ինտերնետ ծառայություններ` «U!Net Starter» սակագնային պլանով, որի ամսական վճարը կազմել է 8000 ՀՀ դրամ: Վկայակոչելով Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթների և պայմանների 6.3 կետը` հայցվորը նշել է, որ պատասխանողը ժամանակին չի կատարել վճարումները և իր պարտքը 13.09.2012 թվականի դրությամբ կազմել է 13896 ՀՀ դրամ:

Հայցվորը դատարանին հայտնել է նաև, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով հայցվորը պատասխանողի ժամանակավոր օգտագործմանն է տրամադրել GPON T063` սերիա ERSN00045E96 սարքը: Վկայակոչելով Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթների և պայմանների 5.1, 5.2, 7.2.4, 8.1.11 կետերը` նշել է, որ պատասխանողն առ այսօր չի վերադարձրել հայցվորի կողմից նրա ժամանակավոր օգտագործմանը տրամադրված սարքը:

Դատարանը հաստատված համարեց, որ թեև պատասխանողն օգտվել է հայցվորի կողմից մատուցված ծառայություններից, սակայն վերջինիս հանդեպ չի կատարել իր վճարման պարտավորությունը: Վերոգրյալի հիման վրա, դատարանը գտնել է, որ հայցվորի պահանջը` մատուցված ծառայությունների համար պարտքի գումարի բռնագանձման մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հետ վերադարձնել իր սեփականությունը հանդիսացող սարքը, սակայն դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց, ինչը կհաստատեր այն, որ կողմերի միջև պայմանագիրը լուծվել է, որպիսի դեպքում և բաժանորդը պարտավորվել է սարքը վերադարձնել օպերատորին:

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի: Սյուզաննա Միկոյանից հօգուտ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 15396 ՀՀ դրամ, որից 13896 ՀՀ դրամը` որպես պարտքի գումար, 1500 ՀՀ դրամը` որպես վճարված պետական տուրքի գումար: «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ Սյուզաննա Միկոյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասով, մերժել:

Ներկայումս սույն գործով հայցվորը բերել է վերաքննիչ բողոք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել